AM
1 November 2016 - 08:18 AMT

Իսպանացի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում ջերմոցների և ինտենսիվ այգիների զարգացմամբ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է իսպանական «Գլոբալ դեսառոյոս և ինխենիերիա» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր ընկերության նախագահ Խավիեր Վալերո Արտոլան: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության ուղիները, որոնց հիմք կհանդիսանա 2015 թվականին «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գլոբալ դեսառոյոս և ինխենիերիա» ԲԸ միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

Հանդիպման սկզբում հյուրերը գոհունակությամբ նշել են, որ համագործակցելով տեղական «Սպայկա» ընկերության հետ, արդեն ձեռնամուխ են եղել Հայաստանում կառուցել 5 հեկտար ջերմոցային տնտեսություն և դրա հարակից տարածքում հիմնել ինտենսիվ այգիներ:

«Ջերմոցային տնտեսությունների կառուցումն ու ինտենսիվ այգիների հիմնումը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի առաջնային խնդիրներից են: Այս հարցում ձեր ընկերությունն ունի հարուստ փորձ, որը կարող է հաջողությամբ կիրառվել Հայաստանում` նպաստելով ոլորտի զարգացմանը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Պարոն Խավիեր Վալերո Արտոլան իր հերթին տեղեկացրել է, որ իսպանացի գործարարները մեծապես հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումների իրականացմամբ և որպես Բիլբաո բանկի խորհրդի նախագահ նա պատրաստ է նաև քննարկել առանձին ծրագրերի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունը:

Իսպանական կողմը նաև իրատեսական է համարել համագործակցություն ծավալել անասնապահության, կաթի և մսի վերամշակման, ինչպես նաև ոռոգման կաթիլային համակարգերի ներդրման ուղղությամբ:

Զրույցի ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը հավելել է, որ ելնելով հանրապետության մարզերի առանձնահատկություններից ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է բոլոր մարզերի համար կազմել ներդրումային ծրագրեր, որոնք հետագայում կներկայացվեն պոտենցիալ ներդրողներին:

Հաշվի առնելով Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի արդիականացման գործընթացը` նախարարն առաջարկել է ուսումնասիրել իսպանական բիզնեսի մասնակցությամբ գյուղտեխնիկայի սպասարկման կենտրոնների ստեղծման և ժամանակից սարքավորումներով համալրման հարցը, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2016-ի հունիսի 28-ի դրությամբ Հայաստանում ջերմատների և ջերմոցների ընդհանուր տարածքը կազմում է մոտ 1220 հա, որից ապակեպատ՝ 310 հա, թաղանթապատ՝ 910 հա:Ջերմատներում աճեցվում է լոլիկ, վարունգ, պղպեղ, սմբուկ, ամսաբողկ, լոբի, տարբեր կանաչիներ, կարտոֆիլ, ելակ, ծաղիկներ և այլն:

Նոր կառուցված բոլոր ջերմատները հիմնականում հագեցած են եվրոպական երկրների արտադրության նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման համակարգերով և բույսի աճեցման տեխնոլոգիական բոլոր շրջափուլերը (ջեռուցում, պարարտացում, ածխաթթու գազով հարստացում, հնարավոր հիվանդությունների կանխարգելում և այլն) և այլ գործընթացները կառավարվում են ավտոմատացված համակարգերի միջոցով, որը գրեթե լիովին բացառում է մարդկային գործոնի անհրաժեշտությունը: