AM
1 November 2016 - 09:33 AMT

Սյունիքում կենսոլորտային պահպանավայրի կայացմանը €8.25 մլն կհատկացվի

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է գերմանական GITEC կազմակերպության` Հայաստանում միջազգային խմբի ղեկավար Ռամազ Գոխելաշվիլիին, վերջինիս ազգային տեղակալ Մարտիրոս Նալբանդյանին և Գերմանական KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կովկասի պահպանվող տարածքների աջակցություն ծրագիր-Հայաստան» ծրագրի հիմնական բաղադրիչները: Ծրագրով նախատեսված է 8.25 մլն եվրո դրամաշնորհային գումարի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզում իրականացնել «Զանգեզուր» կենսոլորտային պահպանավայրի կայացման աշխատանքներ:

Ծրագրի հիմնական նպատակն է տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանությունը, պահպանվող տարածքների կառավարումը, ինչպես նաև վերջիններիս հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը: Գերմանական GITEC կազմակերպություննիրականացնում է ծրագրի միջազգային խորհրդատվության ծառայություն:

Կողմերը քննարկել են ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման տեխնիկական մեխանիզմներին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է տարվելիք աշխատանքների միջոցով առավելագույն արդյունքների ապահովման և ծրագրով նախատեսված միջոցառումների նպատակայնությանը վերաբերող հարցեր: Դիտարկվել են նաև ծրագրի շրջանակներում տարածաշրջանային գործակցության հնարավորությունները: