Վերավաճառման շրջանակներում 2 մլն բարել իրաքյան նավթ կիրացնի հայկական «Շտապ օգնություն» ՍՊԸ-ն: Այդ մասին Բաղդադ կատարած այցի ավարտին տեղեկացրել է Հայաստանի խորհրդարանի հայ-իրաքյան բարեկամության խմբի նախագահ Ղուկաս Ուլիխանյանը: Նրա խոսքերով` այդ նավթը հետագայում կարող է իրացվել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Ըստ պատգամավորի` քվոտան ստացվել է դեռեւս հուլիսին, սակայն Իրաքի շուրջ իրավիճակի սրման պատճառով այն չէր իրականացվել: «Միեւնույն ժամանակ, վերջին իրադարձությունները, մասնավորապես, Իրաքի վերաբերյալ բանաձեւի նոր նախագիծը ներկայացնելը հիմք է տալիս ենթադրել, որ Իրաքում պատերազմ չի լինի, եւ մենք կարող ենք մոտ ապագայում իրականացնել մեր քվոտան»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Իրաքի վերաբերյալ բանաձեւի նախագծի այսպես կոչված «կոմպրոմիսային» ամերիկյան տարբերակը քննարկման է դրվել հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ամերիկյան կողմի կարծիքով, նախագիծը հաշվի է առնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործընկերների կարծիքը: Սակայն այդ նախագծի վերաբերյալ Անվտանգության խորհրդի անդամները վերջնական համաձայնության չեն եկել: