AM
15 November 2016 - 12:53 AMT

Դիլիջանի ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը՝ նոյեմբերի 18-19-ին

Նոյեմբերի 18-19-ը Դիլիջանում «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո կանցկացվի 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը:

Երկօրյա ինովացիոն ֆորումին աջակցություն է ցուցաբերվել «ԵՄ-ն բիզնեսի համար» և «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնությունների շրջանակում: Այն հարթակ է, որտեղ մասնագետների թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև կմշակվի օրակարգ՝ 2018-ին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրի շարքում դիրքավորելու համար:

Բիզնես ինովացիոն ֆորումին կմասնակցեն տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ և փորձագետներ: Ինովացիոն ֆորումի հիմնական թեմաներն են՝ նորարարական ապրանքներ և ծառայություններ; բիզնես պրոցեսների զարգացում ինովացիաների միջոցով; գիտելիքներ նորարարության և զարգացման համար; Ռազմավարություն՝ դեպի ինովացիոն տնտեսություն:

Բիզնես ինովացիոն ֆորումի բանախոսների ցանկը, ինչպես նաև մասնակցության ու գրանցման պայմանները ներկայացված են BIF.am կայքում:

Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ և «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: