2017-ի պետական բյուջեի նախագծով, ինչպես և 2016-ին, եկամուտների հիմնական մասը՝ 93 և ավելի տոկոսը, կկազմեն հարկային եկամուտները: Այս մասին նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ 2016 –ին ծրագրել են 20,7% հարկեր-ՀՆԱ ցուցանիշ, և, ամենայն հավականությամբ, այդպես էլ տարին կավարտվի: 2017-ին, նախարարի խոսքով, նախատեսվում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության աճ մոտ 0.3% տոկոսային կետով:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվել է՝արդյոք սա չի հակասում կառավարության աղմկոտ, ռեֆորմատոր մուտքին, ստվերի, կոռուպցիայի դաշտում լուրջ ռեֆորմների մասին խոստումներին.
«Ունենք 40% ստվեր, բայց ձեր զեկույցում ոչ մի անգամ ստվեր, մենաշնորհ, կոռուպցիա չասացիք: Բոլորս էլ գիտենք, թե ինչու է մեր բյուջեն այսպես խեղճ: 0.3%-ը նշանակում է ուղղակի ոչինչ չանել 40% ստվերը հարկային դաշտ բերելու առումով»,- ասել է պատգամավորը, մեջբերում է Panorama.am-ը:
Սրան ի պատասխան Արամյանը նշել է, որ բյուջեով նախատեսվող ցուցանիշը չի հակասում իրենց նախնական խոստումներին:
«Չի հակասում, որովհետև 40% ստվերը վիճակագրորեն գնահատելի է և աշխարհում երկիր չգիտեմ, որ ընդամենը 1 տարում 40% ստվերն ամբողջությամբ բերել է բյուջե: Գրեթե անհնար է, որևէ երկիր այդպիս արդյունքներ չի ունեցել»,- ասել է նա՝ հավելելով, որ Կառավարության գործողությունները պետք է լինեն համաչափ. «Իսկ եթե ագրեսիվ գործողություններ կատարես, սխալներ գործես, արդյունքը լինի այն, որ տնտեսվարողների մոտ կանխիկ հոսքերի խեղումներ մտցնես, անմիջապես ազդելու է տնտեսական աճի վրա: Իսկ մեր գերնպատակն է տնտեսական աճը: Այդ տնտեսական աճը ստեղծում են տնտեսվարողները»:
Նախարարը նշել է, որ 0.3%-ն ապահովելու են երկու գործոնով՝ օրենսդրություն և վարչարարական միջոցառումներ, գործիքակազմ. «Հենց սրա արդյունքում ենք ակնկալում, որ մոտ 20-24 միլիարդ ունենալու ենք լրացուցիչ մուտքեր, որը ստվերի արդյունքում է լինելու: Կկարողանանք ավելի շատ բերել, հաջողենք, դրան ադեկվատ կկատարենք համապատասխան ծախսերը»:
Սակայն, ըստ Արամ Մանուկյանի, այսօր վիճակն այնպիսին է, որ առանց ագրեսիվ քայլերի՝ ստվերից այս կողմ բան բերելու ուղղությամբ, ոչինչ չի ստացվի.
«Պատերազմ հայտարարեք, եթե ուզում եք ինչ-որ բան անել: Այլ կերպ չեք կարող: Թվերն ակնհայտ է: Մուտքերը, սպասելիքները տասն անգամ ավելի քիչ են, քան այն բեռը, որ ավելանում է մեր վրա»:
2017 թվականի պետբյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի ծախսերի համար նախատեսվել է 4 մլրդ 522 մլն 944 հազար դրամ. 2016 թվականի համեմատ գումարը նվազել է 574 մլն դրամով: