AM
21 October 2002 - 17:32 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՎ ԽՈՐԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ, ԱՍԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

«Հայաստանը ձգտում է ընդլայնել եւ խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում եւ Եվրաատլանտյան համագործակցության խորհրդի միջոցով», – հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը «Մեդիամաքս» գործակալությանը: «Այս գործընթացը, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի հետ միասին, գալիս է ամբողջացնելու մեր վարած անվտանգության քաղաքականությունը, որի բաղկացուցիչներն են երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում եւ վերջերս սկիզբ առած ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ», – ասել է նախարարը: Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը նոր բաժանարար գծերի առաջացման պատճառ դառնալ Հարավային Կովկասում, Վարդան Օսկանյանն ասել է. «Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում իր անվտանգության ապահովման ուղիները»: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, պետք է ուշադիր լինել հարեւան երկրների շահերի եւ, առհասարակ, տարածաշրջանային անվտանգության նկատմամբ: Դեռեւս մի բան է պարզ. ՆԱՏՕ-ն չի համարում, որ Կովկասի երկրները պատրաստ են անդամակցության: Ուստի դեռ վաղ է խոսել բաժանարար գծերի ստեղծման մասին, նշել է նախարարը: