AM
21 October 2002 - 14:58 AMT

ԵՐԵՎԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Եթե Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո այդ երկրի իշխանությունները ցանկություն հայտնեն շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ, մենք պատրաստ ենք դրան` նպատակ ունենալով վերջիվերջո հասնել շոշափելի արդյունքների մեր երկկողմ հարաբերություններում: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Ընդ որում, նա կարծիք է հայտնել որ տարեսկզբին մեկնարկած երկխոսությունը, օգտակար կլինի նաեւ Թուրքիայի համար: «Հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Գուրելի հետ հնարավորություն տվեց խոսել առկա խնդիրների մասին եւ ներկայացնել միմյանց դիրքորոշումները չմիջնորդավորված, հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ»,- նշել է Օսկանյանը: Թեեւ այդ հանդիպումները գործնական շոշափելի արդյունք չեն տվել, ավելացրել է նա, երկխոսությունն ինքնին օգտակար է եղել: Պատասխանելով այն հարցին, թե որքա՞նով է իրական հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մինչեւ ղարաբաղյան հակամարտության լուծումը, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ մինչեւ հակամարտության վերջնական կարգավորումը դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կամ սահմանների ամբողջական վերաբացումը իհարկե քիչ հավանական է, բայց ոչ անկարելի: «Փոքր քայլերով առաջ շարժվելն ավելի իրատեսական է, եւ այդ դեպքում, կարծում եմ, որ մինչեւ ԼՂ հակամարտության լուծումը հնարավոր են որոշ դրական տեղաշարժեր հայ-թուրքական հարաբերություններում»,- նշել է նախարարը: