ՀՀ կառավարությանը կից կստեղծվի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով: Այս մասին Գործադիրի դեկտեմբերի 1-ի նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով համապատասխան հանձնարարականները:
Կարապետյանը նշել է, որ կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու Գործադիրի համար երկարաժամկետ ռազմավարության և տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումներ հայեցակարգերի, փաթեթների մշակումը` մասնավոր հատվածի հետ սերտ գործակցության միջոցով, գրում է Panorama.am-ը:
«Մենք այդ հարթակն արդեն մի քանի անգամ օգտագործել ենք, եղել են բազմաթիվ քննարկումներ և կենտրոնը կհիմնադրվի և կսկսի իր գործունեությունը մինչև տարեվերջ»,- ասել է նա:
Վարչապետը նշել է, որ տարիների ընթացքում տարբեր պետական մարմինների կողմից խորհրդատուների օգնությամբ, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ կամ սեփական ուժերով մշակվել, այնուհետև Կառավարության կողմից հավանության են արժանացել իրենց կառավարման ոլորտներում ռազամավարություններ և բարեփոխումների հայեցակարգեր: Այդ փաստաթղթերը ստացել են տարբեր անվանումներ՝ ռազմավարություն, զարգացման ծրագիր, հայեցակարգ, բարեփոխումների փաթեթ և այլն: Մինչդեռ, ըստ Կարեն Կարապետյանի, իրավական տեսանկյունից գործող կարգավիճակ ունեցող ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերի շարքում առկա են այնպիսիք, որոնց ուղղությամբ փաստացի աշխատանքներ այս պահին չեն իրականացվում, քանի որ դրանք կարող են չհամապատասխանել ժամանակի հրամայականին կամ չեն համապատասխանում նոր ռեսուրսներին, կամ կան այլ պատճառներ:
«Ելնելով դրանից՝ հանձարարում եմ բոլոր նախարարություններին և գերատեսչություններին մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր այդպիսի ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը կենտրոնի կողմից դրանք ամփոփելու համար: Երկրորդ՝ երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի իրակագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք: Երրորդ՝ այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի պահպանման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանք համապատասխան հիմնավորումներով: Մենք անհրաժեշտություն ունենք ամփոփելու այն բազան, ինչ մենք ունենք»,- ընդգծել է վարչապետը:
2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում Կառավարությունը կրկին կգլխավորի գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ մասին նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարի ընթացքում իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:






