AM
18 October 2002 - 17:36 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ

Ադրբեջանում քաղաքական վերնախավը պատրաստվում է իրականացնել իշխանափոխությունը արտակարգ իրավիճակի պայմաններում: Դա «թույլ կտա նշանակել փոխարինողին, այլ ոչ թե քարշ տալ նրան նախագահական ընտրություններով»: Ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, այդպիսի կարծիք է արտահայտվել ադրբեջանական մամուլում` «Արտակարգ իրավիճակի մասին» օրինագծի վերաբերյալ բանավեճի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Էխո» թերթը, երկրորդ ընթերցմանը օրինագծի նախապատրաստման աշխատանքը կավարտվի հաջորդ շաբաթ: Օրինագիծը նախատեսում է արտակարգ իրավիճակ մտցնել Ադրբեջանի առանձին տարածքային միավորներում, այլ ոչ թե երկրի ամբողջ տարածքում: Արտակարգ իրավիճակ հնարավոր է մտցնել 60 օր-ից ոչ ավել ժամկետով եւ չի կարելի երկարաձգել այն 60 օրից ավել, որոնց ընթացքում «արտակարգ իրավիճակ հայտարարված տարածքում այդ ռեժիմի գործողության ժամանակ ընտրություններ եւ հանրաքվեներ չեն անցկացվում»: Բաքվի դիտորդների կարծիքով` Ադրբեջանում արտակարգ իրավիճակի պայմաններում իշխանափոխության մասին կանխատեսումները համարյա կրկնում են ռուսաստանյան տարբերակը: Սակայն բնակչության քաղաքական պասիվությունը, որը նշում են նաեւ ընդդիմադիր դիտորդները, թույլ է տալիս անցկացնել իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուին նաեւ օրինական ընտրություններով, նշում է «Էխո» թերթը: