Երևանում ամփոփվել է Armenia StartUp Cup 2016-ի ազգային առաջնության եզրափակիչ փուլը:
Հաղթողի կոչմանն արժանացել է Chessfimee թիմը, որի մշակած հավելվածը շախմատասեր հասարակությանն ու պրոֆեսիոնալ շախմատիստներին առաջարկում է ծրագրային ապահովման յուրօրինակ լուծումներ՝ ներառյալ շախմատային վերլուծության ծրագրերի ապահովում:
Երկրորդ և երրորդ տեղի մրցանակներին արժանացել են Destination և Soundsearch թիմերը: Նրանց ներկայացրած բիզնես գաղափարներն ուղղված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը:
Հաղթող թիմը եզակի հնարավորություն է ստացել մրցելու ավելի քան 72 այլ պետության առաջին մրցանակակիրների հետ գալիք տարի Մարոկկոյում կայանալիք World StartUp Cup-ին: Այն արժանացել է նաև բիզնեսի զարգացման նպատակով 1.500.000 ՀՀ դրամի համարժեք մասնագիտական վերապատրաստումից և խորհրդատվությունից, վեցամսյա ինկուբացիոն ժամանակահատվածից օգտվելու հնարավության:
2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած լավագույն թիմերը համապատասխանաբար ստացել են 1.000.000 և 500.000 դրամին համարժեք վերապատրաստումից և խորհրդատվությունից, ինչպես նաև երեքամսյա և մեկամսյա տևողությամբ ինկուբացիոն ժամանակահատվածից օգտվելու հնարավորությունից:
Բոլոր երեք թիմը ստացել են նաև BizNest ձեռնարկատիրական կենտրոնի կողմից անվճար վեբկայք ունենալու հնարավորություն:
Առաջնության ամփոփման ժամանակ փորձագետների և ժյուրիի անդամների հետ երեք ամիս տևած աշխատանքից հետո եզրափակիչ փուլ անցած տասնհինգ թիմը ստացել են խրախուսական մրցանակներ, իսկ լավագույն երեք թիմերն արժանացան մասնագիտական վերապատրաստում և խորհրդատվություն ստանալու հնարավորության:
Միջոցառմանը խոսքով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, ԱՄՆ-ում նորարարական բարձր տեխնոլոգիաների ներդրումային ոլորտում մասնագիտացած The Roda Group-ի ղեկավար Ռոջեր Սթրաուքը, Armenia StartUp Cup 2016-ի կազմակերպիչ Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը և ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Անդրե Վալդեսը:
«Բիզնես սկսելու համար միջավայրը երբեք այսչափ նպաստավոր չի եղել: Այսօր շատ տաղանդավոր մարդիկ կան Հայաստանում, ինչը կարող է գրավել տաղանդաշատ այլ մարդկանց ներհոսք որ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Կարիք կա այդ տաղանդն ուղղելու այնպիսի կազմակերպությունների ստեղծման համար, որոնք իրենց գաղափարներով և արտադրանքով կլինեն մրցունակ միջազգային մակարդակով: Այս ամենը հնարավոր է մեզ հասանելի տեխնոլոգիայի և հաղորդակցության շնորհիվ», – նշել է Ստրաուքը:
«Ուրախ ենք տեսնել, որ StartUp Cup-ը տարեցտարի ընդլայնվում է: Ես նկատում եմ Հայաստանում ձեռնարկատիրական ոգու և ստարտափների գործունեության աննախադեպ աճ: Այս տարի ստացել ենք 156 հայտադիմում Հայաստանի 12 քաղաքներից և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից, այն դեպքում, երբ անցած տարի ունեինք ընդամենը 77-ը: Վստահ ենք, որ գալիք տարիներին կունենանք ավելի շատ հայտադիմումներ», – նշել է Այ Էյ Բի Բիզնեսի միջազգային ակադեմիայի և միջոցառման կազմակերպիչ Արաքսյա Մարտիրոսյանը:
«Հայաստանն ունի գիտական մտքի և նորարարության մեծ ներուժ: Եվրոպական միությունը՝ որպես Հայաստանում ամենամեծ ներդրող և դոնոր, ցանկանում է նպաստել Հայաստանում գիտության և նորարարության զարգացմանը: Ամենակարևոր աջակցությունն այն է, որ Հայաստանը կարող է լիարժեք օգտվել հետազոտությունների և նորարարությունների իրականացմանն ուղղված Եվրոպական միության ամենամեծ ծրագրից` ԵՄ անդամ պետությունների համար նախատեսված պայմաններով» – նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:
Առաջնության կազմակերպիչն է Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիան, որի առաքելությունն է ապահովել մարդկային ռեսուրսների զարգացումն ու աճը Հայաստանում և տարածաշրջանում` առաջարկելով մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ:
StartUp Cup-ը բիզնես մոդելների միջազգային մրցույթ է, որը մշակվել է սաղմնային փուլում գտնվող ձեռներեցական ծրագրերին համայնքային մակարդակով երկարաժամկետ աջակցություն տրամադրելու նպատակով:
Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս:
StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի գաղափարը ծնվել է Սիլիկոնյան հովտում: 2012թ.-ից ի վեր 208 մրցույթ իրականացվել է 72 երկրում, որին մասնակցել է 77.982 ձեռնարկատեր, ստեղծվել է 43.384 աշխատատեղ, և արվել է 744.527.056 ԱՄՆ դոլարի չափով ներդրում:






