Այսօր Երեւանում բացվել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը: Ինչպես հայտարարել է հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, նիստը խթան կհանդիսանա երկկողմ կապերի հետագա զարգացմանը: «Մենք գտնում ենք, որ Հայաստանը եւ Եգիպտոսը կարող են զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով»,- նշել է նախարարը: Միաժամանակ նա ընդգծել է, որ չնայած կատարված աշխատանքի մեծ ծավալին, երկու երկրների ներուժն անբավարար է օգտագործվում: Իր հերթին Եգիպտոսի արտաքին գործերի պետնախարար, հանձնաժողովի համանախագահ Ֆայզա Աբու ալ Նագան նշել է, որ նիստը կօգնի ակտիվացնել համագործակցությունը տնտեսական, գիտա-տեխնիկական եւ մշակութային ոլորտներում: Նրա խոսքերով` մեծ ներուժ կա նաեւ զբոսաշրջիկության բնագավառում փոխգործունեության ակտիվացման համար: