«Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման 230 կմ երկարությամբ օդային գծի վերակառուցումը կավարտվի 2017-ի առաջին կեսին։
Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ, Հայաստանի էներգահամակարգի հուսալիության բարձրացման նպատակով:
Աշխատանքների հիմնական մասն արդեն ավարտվել է։ Գիծը միացնում է էներգահամակարգի երկու արտադրող կայանը՝ «Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը։
Ծրագրի իրականացումը նպատակ ունի ոչ միայն բարձրացնել էներգահամակարգի հուսալիությունը, այլև ավելացնել հզորությունը։ Վերակառուցման արդյունքում գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից կհասնի 310 ՄՎտ-ի, կբարելավվեն տեխնիկական պարամետրերը, կորուստները 1,6 տոկոսից կհասնեն 0,7 տոկոսի։
Ծրագրի շրջանակում տնտեսված միջոցներով կվերակառուցվեն նաև մոտ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը, որոնք շահագործվում են սկսած 1962թ.։
Իրականացված միջազգային մրցույթի արդյունքում այս տարվա օգոստոսին իրանական «Գամ Արաք» ընկերության հետ կնքվել է գլխավոր կապալառուի պայմանագիր` շուրջ 4,4 մլն ԱՄՆ դոլար գումարով: Հաջորդ տարի նախատեսվում է ավարտել ենթակայանների վերակառուցման նախագծման աշխատանքները և մեկնարկել շինարարությունը։