Fistoco LTD-ն դարձել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 60%-ի սեփականատերը և $50 մլն-ի ներդրում կկատարի բանկային համակարգի մեջ:
Լիբանանյան CreditBank S.A.L-ը՝ նախկինում միակ բաժնետերը, շարունակում է վերահսկել բաժնետոմսերի 40%-ը:
Անելիք Բանկն ավարտել է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գործընթացը: Բոլոր 405.511 բաժնետոմսը տեղաբաշխվել է փակ բաժանորդագրությամբ: Համալրումն իրականացվել է բանկի նոր բաժնետիրոջ կողմից, ինչի արդյունքում Բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 21.8 մլրդ ՀՀ դրամով:
Բաժնետերերի կողմից ձևավորվել է Բանկի նոր Խորհուրդ, որում ընդգրկվել են բանկային համակարգում բազմամյա փորձ ունեցող մասնագետներ: Հիմնվելով Բանկի նոր բաժնետիրոջ թիմային փորձի վրա` Բանկը որդեգրելու է նոր ռազմավարություն` նպատակ ունենալով առաջատար դիրքեր զբաղեցնել ՀՀ բանկային համակարգում:
Հիմնվելով լավագույն միջազգային ֆինանսական համակարգերի փորձի վրա, Անելիք Բանկն առաջարկելու է իր հաճախորդների պահանջմունքներին համապատասխան թարմացված բանկային ծառայությունների տեսականի` համալրված առաջադեմ տեխնոլոգիական լուծումներով:
«Անելիք Բանկի» բաժնետոմսերի հաջող թողարկումը վկայում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա ներդրողների կողմից հետաքրքրվածության մասին, ինչն էլ հնարավորություն կտա առաջիկայում մեծացնել Բանկի գործունեության շրջանակները: Որոշել ենք ներդրում կատարել ՀՀ տնտեսության մեջ, քանի որ այստեղ, իմ կարծիքով, բավականին լավ հեռանկարներ կան: Հայաստանի բանկային համակարգն առողջ է, աճի հեռանկարներ ունի: Կարծում եմ՝ սա բավարար ներդրում է, որպեսզի «Անելիք Բանկը» զարգանա՝ դառնալով առաջատար բանկային կառույց: Մշակված են զարգացման կարճաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարությունները», – ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ, Fistoco Ltd-ի բաժնետեր Վարդան Դիլանյանը:
Նրա խոսքով, ներդումի նպատակն է արմատապես լայնացնել բանկի ծառայությունների սպեկտրը՝ աշխատանքում կողմնորոշվել հաճախորդի վրա:
«Բանկային ծառայությունների հարմարավետությունը հաճախորդի համար պետք է առանցքային տեղ գրավի: Բանկը հիմնականում իր աշխատանքը կենտրոնացնելու է հայկական հասարակության երիտասարդ, առաջադեմ հատվածի վրա», – պարզաբանեց Դիլանյանը:
Նա շեշտեց, որ այդ նպատակին հասնելու են, այդ թվում, ՏՏ տարբեր գործիքների ներդրումով, որոնք թույլ կտան հաճախորդին օգտվել բանկային ծառայությունից առանց բանկ այցելելու:
«Այսօր հաճախորդն ուշադրություն է դարձնում ոչ այնքան սակագներին, որքան՝ հարմարավետությանը: Բանկն գործունեությունը կենտրոնացնելու է այս հանգամանքի վրա», – հավելեց Դիլանյանը:
Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն իր հերթին նշեց, որ բանկի նոր բաժնետիրոջ օգնությամբ ներգրավվել են նոր ռեսուրսներ՝ միջազգային մի շարք ֆինանսական կազմակերպությունններից:
«Անելիք Բանկը» հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների կողմից՝ որպես փայատիրական կոմերցիոն բանկ:
«Անելիք Բանկն» ունիվերսալ առևտրային բանկ է, որն ակտիվ մասնակցություն ու ներդրում ունի երկրի սոցիալ – տնտեսական մակարդակի բարելավման բնագավառում: 2007թ. «Անելիք Բանկ» ՍՊԸ-ն վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության: «Անելիք Բանկ» ՓԲԸ նոր բաժնետերը` FISTOCO LTD-ն, համալրել է կանոնադրական կապիտալը 21.8 մլրդ ՀՀ դրամով: