Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ օրակագում ընդգկված առաջին հարցով կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն օրենքով ամրագրված դրույթների համապատասխանեցումն է ՀՀ հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դրույթներին:
Երկրորդ հարցով գործադիրը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն ու երեք միջազգային պայմանագիր:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքի հասկացությունը, տուրքերի տեսակները և դրույքաչափերը, տուրք վճարողներին, տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները և կարգավորում է պետական տուրքի հետ կապված մյուս հարաբերությունները: