Այսօր Թբիլիսիի «Ջորջիան թայմս» թերթն հրապարակել է սենսացիոն տեղեկություն այն մասին, որ ընթացիկ տարվա վերջում Թբիլիսիում Էդուարդ Շեւարդնաձեի նախաձեռնությամբ նախատեսվում է նրա հանդիպումը չեչեն անջատողականների առաջնորդ Ասլան Մասխադովի հետ: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրները` «Ջորջիան թայմս»-ը հաղորդում է, որ Էդուարդ Շեւարդնաձեն, մտադիր լինելով հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ասլան Մասխադովի առաջիկա հանդիպման ժամանակ, պատրաստվում է նախապես համաձայնեցնել հանդիպման մանրամասները: «Ջորջիան թայմս»-ը նաեւ մեջ է բերում Մասխադովի հետ Շեւարդնաձեի հնարավոր հանդիպման առնչությամբ Վրաստանի մի շարք քաղաքական գործիչների մեկնաբանությունները: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախթանգ Ռչեուլիշվիլին թերթին հայտարարել է. «Ես չեմ բացառում, որ նման հանդիպում տեղի կունենա: Կարծում եմ` Էդուարդ Շեւարդնաձեն անպայման նախօրոք Վլադիմիր Պուտինի հետ կհամաձայնեցնի Ասլան Մասխադովի հետ քննարկելիք հարցերը»: Ընդ որում փոխխոսնակը ավելացրել է, որ վրաց-ռուսական հարաբերությունների բարելավման հույսի պայմաններում չպետք է թույլ տալ նոր հակասությունների ի հայտ գալը: