AM
21 December 2016 - 09:47 AMT

Պետգույքի հետ գործարքներից եկամուտը 2016-ին ավելի քան 7.2 մլրդ դրամ է կազմել

2016-ին պետական գույքի օտարումից, մասնավորեցումից, վարձակալութունից, կապի սարքավորումների տեղակայումից ու հողի կադաստրային արժեքի մուտքերից ստացված դրամական միջոցները 2016-ին կազմել են 7 մլրդ 252 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 մլրդ 477 մլն դրամ, համայնքային բյուջեներ՝ 2 մլրդ 711 մլն 629.000 դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 64 մլն 103.000 դրամ:

Այսպիսով, 2016 թ. ընթացքում պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 6 մլրդ 859 մլն դրամ՝ 2015 թ. ցուցանիշների համեմատ ավելացել են 4 մլրդ 422 մլն դրամով:

Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են մոտ 50 մլն դրամ: 2015-ի ցուցանիշը գրեթե նույնն է:

Պետական գույքի վարձակալությունից դեկտեմբերի 15-ի դրությամբ, փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 221 մլն 227.000 դրամ՝ նախատեսված 192 մլն 400.000 փոխարեն:

ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 83 մլն 944.000 դրամ: Անցած տարի փաստացի մուտքագրվել էր 61 մլն 871.000 դրամ, որն այս տարի գերազանցվել է 36%-ով: Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը 2016-ին կազմել են 38 մլն 578.000 դրամ:

2016-ին Վարչության ենթակայությամբ եղել է 26 ընկերություն, որից 2-ը գտնվում է սնանկացման, 1-ը՝ լուծարման գործընթացում, 1 ընկերություն վերակազմակերպվել է: 2016թ. ընթացքում 10 ընկերության մասնավորեցման և 2 ընկերության լուծարման նպատակով ներկայացվել են գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթներ, 1 ընկերության մասնավորեցում է նախապատրաստվել: 2016 թվականին իրականացվել է պետական մասնակցությամբ 194 առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկում և վերլուծություն:

Առաջիկայում պետական գույքի մասնավորեցման նոր ծրագիր կկազմվի` նոր ընկերություններ ընդգրկելու նպատակով: Ծրագրային մասնավորեցումը նոր ներդրումների ներգրավման և աշխատատեղերի ստեղծման հնարավորություն կընձեռի: