Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 4-րդ նիստում քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2017թ. բյուջեն:
Այդպիսով, 2017 թվականի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 84 մլրդ 344 մլն 931.000 դրամի չափով, ինչը մոտ 11.4%-ով ավելի է 2016թ. բյուջեով կանխատեսածից: Ծրագրված եկամուտները մոտ 10.2%-ով գերազանցում են 2015թ. փաստացի հավաքագրված եկամուտներին: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2015թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 8% ով:
2017թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 84 մլրդ 412 մլն 931.500 դրամի չափով, որի մոտ 95%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 36.1%-ը բաժին է ընկնում սոցիալական ծրագրերին: Բյուջեի դեֆիցիտը՝ 68.000.000 մլն դրամ:
2016-ի բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել էր 78 մլրդ 369 մլն 530 հազար դրամի չափով, որի մոտ 99%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Բյուջեի դեֆիցիտը՝ 150 մլն դրամ:
Երևանի 2015-ի բյուջեով եկամուտների գծով նախատեսված էր 71 մլրդ 870 մլն 838.3 հազար դրամ, ծախսերի գծով՝ 72 մլրդ 120 մլն 838.3 հազար դրամ, դեֆիցիտը՝ 250 մլն դրամ:
Ավագանին քննարկել և հաստատել է նաև Երևան քաղաքի 2017թ. զարգացման ծրագիրը, որը, ինչպես նշել է հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, կազմվել է հիմք ընդունելով Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայությունները և առկա հիմնախնդիրները։
Այս համատեքստում մասնավորապես կարևորվել է հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը։