Համագործակցությունը ռազմա-տեխնիկական ոլորտում` հայ-ռուսական հարաբերությունների կարեւոր բաղադրիչներից մեկն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Միխայլովի հետ հանդիպման ժամանակ: Զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցության խորացման հարցը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում համագործակցության հետ կապված հարցեր: Վ. Միխայլովը հաղորդել է, որ ավարտված է 2002 թվականի համագործակցության ծրագիրը եւ հայ գործընկերների հետ միասին արդեն սկսվել է 2003 թվականի համագործակցության արձանագրության մշակումը: Բարձր գնահատելով հակաօդային պաշտպանության հայկական ուժերի ռազմական պատրաստականությունը` Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի գլխավոր հրամանատարը ընդգծել է, որ նրանք ի վիճակի են լուծել իրենց առջեւ ծառացած բոլոր խնդիրները: