AM
16 January 2017 - 10:42 AMT

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման հայտեր է ընդունում

(?) Մոտ մեկուկես տարի առաջ հայտարարվեց հիմնադրամի ստեղծման մասին: Նախ, կցանկանայի իմանալ՝ ինչպես է առաջացել բարեգործական հիմնադրամ ստեղծելու գաղափարը, ովքեր են հիմնադիրները և ինչ նպատակով է այն ստեղծվել:

(!)Ստեփանը նոր արժեքներ ու մշակույթ է բերել Հայաստանի ֆինանսաբանկային և գյուղատնտեսության ոլորտներ, ինչը թույլ է տվել գյուղատնտեսությամբ զբաղվող հազարավոր մարդկանց ապրել ու արարել իրենց հայրենիքում, և այս ամենը իրականացվել է՝ ամրացնելով հայ-ֆրանսիական կապերը, մշտապես նպաստելով փորձի փոխանակմանը, գործարար, մշակութային կապերի հաստատման ու զարգացմանը երկու երկրների միջև: Հենց այս գործունեության շարունակականության ապահովման, նրա սկսած գործը կիսատ չթողնելու համար էլ Գիշյան ընտանիքի, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի և Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի կողմից ստեղծվել է այս հիմնադրամը:

(?) Իսկ ի՞նչ ձևաչափով է իրականացվելու հիմնադրամի գործունեությունը և ի՞նչ ոլորտներ է ներառելու:

(!) Ներառել ենք հիմնական սոցիալական ոլորտները՝ գիտություն, կրթություն, առողջապահություն, տնտեսություն և մշակույթ: Սա արվել է այն պարզ նկատառմամբ, որ մենք ցանկանում ենք մեր գործունեության թիրախում ունենալ Հայաստանի համայնքներում առկա ամենակարևոր սոցիալական մարտահրավերները, որոնք խոչընդոտոմ են մարդկանց իրենց հայրենի բնակավայրերում ապրելուն: Ֆինանսավորելու ենք այնպիսի ծրագրեր, որոնք կունենան երկարաժամկետ ազդեցություն:

Ինչ վերաբերում է գործունեության ձևաչափին, ապա ֆինանսավորումն իրականացվելու է նշված ոլորտներում առավել հեռանկարային նախաձեռնություններին՝ դրամաշնորհների տրամադրմամբ:

(?) Որքա՞ն գումար եք նախատեսում ներդնել այդ ծրագրերի ֆինանսավորման համար, քանի՞ ծրագիր եք իրականացնելու:

(!) Հիմնադիրների կողմից նվիրաբերված սկզբնական միջոցների հանրագումարը մոտ 300 միլիոն դրամ է կազմում, որը կարող է ավելանալ ինչպես նոր նվիրաբերված միջոցների հաշվին, այնպես էլ այդ միջոցների կառավարման արդյունքում: Այդ միջոցները, ինչպես նշեցի, կառավարվելու են հիմնադրամի կողմից, և կառավարման արդյունքում ձևավորված միջոցների հիմնական մասն էլ ուղղվելու է դրամաշնորհների տրամադրմանը: Նախատեսում ենք առաջին տարվա ընթացքում յուրաքանչյուր ոլորտից իրականացնել մեկական ծրագիր՝տարեկան յուրաքանչյուրին հատկացնելով մինչև 5 միլիոն դրամ: Հետագայում արդեն կփորձենք մեծացնել հատկացվող ֆինանսավորման չափը:

(?)Այս դեպքում հարց է առաջանում՝ արդյոք այդ գումարով հնարավոր է որակական ինչ-որ փոփոխություններ բերել Ձեր կողմից մատնաշած ոլորտներ:

(!) Ստեփանը մի խոսք ուներ. նա միշտ ասում էր՝ «մենք դա կանենք…»: Հիշո՞ւմ եք՝ ինչպես ստեղծվեց ԱԿԲԱ-ն: 90-ականներին գյուղատնտեսության վարկավորման մասին մտածելը թվում էր անիմաստ և անհեռանկարային: Մինչդեռ հիմնադրումից տասը տարի անց նրա առաջնորդությամբ բանկը դարձավ Հայաստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը: Այդպես էլ պետք է մոտենանք այս խնդրին՝ այս գործում կարևորելով գործակցությունը նշված ոլորտների զարգացմամբ հետաքրքրված այլ կազմակերպությունների հետ ևս:

(?)Ինչպիսի՞ն է դրամաշնորհներին դիմելու կարգը:

(!) Բնականաբար, նախևառաջ, ներկայացվող ծրագիրը պետք է վերաբերի ընտրված ոլորտներից որևէ մեկին: Երկրորդ, այն պետք է համապատասխանի մեր կողմից հիմնադրամի կայքում ներկայացված պահանջներին: Կարևոր է նաև, որ դիմում-հայտերը լինեն լիարժեք՝ ներառելով պահանջվող բոլոր փաստաթղթերը: Առաջին փուլում ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր դիմում-հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի: Այս փուլում յուրաքանչյուր ոլորտի ծրագրերի համար մասնագիտական փորձագիտական հանձնաժողովը կտա իր եզրակացությունը՝ հարցազրույցի և ներկայացրած դիմում-հայտի փաթեթի հիման վրա: Դրանից հետո դրական եզրակացություն ստացած ծրագրերը կներկայացվեն հիմնադրամի խորհրդի քննարկմանը, որն էլ կկայացնի վերջնական որոշումը:

(?)Ե՞րբ է նախատեսված դրամաշնորհային ծրագրերի հայտադիմումների ընդունման մեկնարկը:

(!) Նախատեսում ենք հայտեր ընդունել 2017 թվականի հունվարի 10-ից մինչև մարտի 10-ը: Այնուհետև մի քանի փուլով տեղի կունենա դրամաշնորհային մրցույթը, և 2017 թվականի մայիսի 5-ին կհայտարարվեն հաղթողները:

(?) Ինչպիսի՞ն եք տեսնում հիմնադրամի ապագան:

(!) Վստահ եմ՝ մի քանի տարի հետո մենք կկարողանանք ասել, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը: