Հայաստանի կառավարությունում ներկայումս մշակվում են հայ- հարավսլավական համագործակցության չորս համաձայնագիր: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` Հայաստանում Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության դեսպան Դուշան Բատակովիչի հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը գտնում է, որ Հայաստանի եւ Հարավսլավիայի միջեւ խզված տնտեսական կապերի ակտիվացման համար անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետում ձեւավորել իրավա-պայմանագրային դաշտ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ Հարավսլավիայի հայ համայնքին, որը որոշակի դժվարություններ է ունեցել այնտեղ տեղ գտած հակամարտությունների ընթացքում: Վարչապետը շոշափել է նաեւ Բելգրադի քանդված հայկական եկեղեցու վերականգնման եւ հայկական համայնքին պատկանող շինության վերադարձնելու հարցը` այնտեղ հայկական մշակութային կենտրոն հիմնելու համար: Իր հերթին Բատակովիչը խոստացել է այդ հարցերը ուսումնասիրել եւ դիտարկել Հարավսլավիայի հայ համայնքին օգտակար լինելու հնարավորությունները: Նա ընդգծել է նաեւ, որ ոչ հեռու անցյալում գոյություն ունեցած համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես, շինարարությունում, մեքենաշինությունում, գյուղատնտեսությունում, թեթեւ արդյունաբերությունում անհրաժեշտ է վերականգնել, քանի որ դրանք այսօր էլ հեռանկարային են: