AM
27 January 2017 - 06:46 AMT

ԻԻՀ դեսպանը՝ Լոքյանին. Ազատ տնտեսական գոտու ստեղծումը երկու երկրի զարգացման լուրջ գործոն է

Ազատ առևտրի գոտու ստեղծումը ՀՀ և Իրանի սահմանակից շրջանների տնտեսական զարգացման համար լուրջ գործոն է: Այս մասին ասվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի կողմից՝ հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Արաբ Բաղի գլխավորած պատվիրակության ընդունելիությանը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, Իսլամական խորհրդարանի պատգամավորներ Մոհամմադ Հասան Նեժադը և հայազգի Կարեն Խանլարյանը:

Նախարար Լոքյանը կարևորել է Հայաստան–ԻԻՀ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացման նոր հնարավորությունները և այդ համատեքստում ընդգծել Սյունիքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը: Նախարարի խոսքով, նման տնտեսական գոտու ստեղծումը լուրջ խթան կլինի երկու երկրի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

«Մենք մեր երկրում ունենք ազատ տնտեսական գոտիներ, սակայն իրանական փորձը կարող է ընդունելի և օրինակելի լինել մեզ համար: Մենք Իրանին տալիս ենք նաև լավագույն գործիքը` ԵԱՏՄ երկրներ ապրանքներ արտահանելու հնարավորություն` ազատելով ավելացված արժեքի հարկից և այլ մաքսատուրքերից»,- նշել է Լոքյանը:

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին համակարծիք է եղել, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը երկու երկրի սահմանակից շրջանների տնտեսական զարգացման համար լուրջ գործոն է:

Արդյունաբերություն, անասնապահություն, գյուղատնտեսություն, ջերմոցային տնտեսություն, զբոսաշրջություն, ձեռարվեստ. ահա այս ուղղություններով համագործակցելու հստակ առաջարկներ է ներկայացրել «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրենը:

Լոքյանն իր հերթին անդրադարձել է երկու երկրի ազատ տնտեսական գոտիների միջև ամբողջական մոդելի ստեղծման գաղափարին, և այդ հարցում կարևորել հայ-իրանական բազմադարյա բարեկամական կապերի առկայությունը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության նոր ոլորտներ սահմանելու և համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը:

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ Իրանի սահմանակից տարածքում կհիմնվի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ): Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարարության ներդրումային ծրագրի բաժնի պետ Արամ Վարդանյանը ներկայացնելով ծրագիրն, ասել է, որ նպատակն է՝ ստեղծել նախադրյալներ նոր ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտադրության համար:

Հաշվի առնելով Իրանի հետ հարատև առևտրատնտեսական հարաբերությունները, որոշվել է տեղակայումն իրականացնել Սյունիքի մարզում՝ սահմանագծին հնարավորինս մոտ: Ընտրվել է Ագարակ քաղաքում հողատարածք: ԱՏԳ-ն զբաղեցնելու է 10-15 հա տարածք, սակայն կա 35 և հավելյալ 10 հա տարածք ընդլայնման հնարավորություն:

Ծրագրի արժեքը գնահատվել է մոտ 28 մլն դոլար, և հաշվի առնելով ընթացիկ ծախսերը, ընդհանուր գումարը կլինի մոտ 32 մլն դոլար:

Ակնկալվում է, որ 10 տարիների ընթացքում կազմակերպիչ ընկերության հասույթը կկազմի 52 մլն ԱՄՆ դոլար: Շահութաբերության ներքին նորմը կազմում է 12%, իսկ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերությունը կունենա 60-70 աշխատող: Կանխատեսումներ են իրականացվել, որ 10 տարում կներգրավվի մոտ 120 ընկերություն, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն ԱՄՆ դոլարի չափով ապրանքներ: