AM
27 January 2017 - 11:49 AMT

Դեպի ՌԴ ավտոբուսով ուղևորներ փոխադրող կանոնավոր 6 երթուղի կգործի

2017-ին դեպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ ավտոբուսային ուղևորափոխադրումների 6 կանոնավոր երթուղի կգործի: Այդ մասին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ասվում է նախարարության կայքում:

Կշահագործվեն ինչպես խոշոր, այնպես էլ միջին տեղատարողությամբ ավտոբուսներ: Նախարարությունն արդեն հայտարարել է փոխադրողների մրցույթ։

Տուլայի տարածաշրջանում 2015-ի աշնանը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո նախարարությունը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում օրենսդրական փոփոխությունների փաթեթ առաջարկեց: 2016-ի դեկտեմբերին, Ազգային ժողովում այն ընդունվեց, իսկ 2017-ի հունվարին վավերացվեց ՀՀ նախագահի կողմից:

Նախկինում գործող օրենքի համաձայն՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներից պահանջվում էր ուղևորների անվանացուցակ և վճարման անդորրագիր, որոնք ներկայացվում էին ՀՀ սահմանից դուրս գալիս: Այդ պահանջները չբավարարելու դեպքում սահմանված էր տույժ` 20.000 դրամի չափով:

Նախարարի տեղակալ Արամ Արսենյանը նշել է, որ փոխադրողների մեծամասնությունն այս պայմաններում ոչ կանոնավորի անվան տակ փաստացի իրականացնում էր կանոնավոր փոխադրումներ:

«Այժմ խստացրել ենք այդ պահանջը` վարչական պատասխանատվությունը հասցնելով մինչև 300.000 դրամի: Բացի այդ, որպեսզի անվանացուցակը ձևական բնույթ չկրի, այն պարտադիր պետք է ներկայացվի ինչպես Հայաստանից դուրս գալիս, այնպես էլ մուտք գործելիս։ Պետք է լինի նույն անվանացուցակը` առավելագույնը 10% տարբերությամբ»,- ասել է նախարարի տեղակալը:

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողների համար սահմանվել է նաև 150.000 դրամի չափով պարտադիր տուրք:

Խստացվել են նաև տոմսերի իրացման կանոնները: Միջազգային փոխադրումների ուղետոմսերը կվաճառվեն ավտոկայաններում, կամ այն կազմակերպությունների կողմից, որոնք պայմանագիր ունեն «Հայավտոկայարան» ՓԲ ընկերության հետ:

Այն երկրներից, որոնց հետ Հայաստանը տրանսպորտային ոլորտը կարգավորող համաձայնագրեր չունի, դեպի ՀՀ ուղևորներ փոխադրողի վերջին կանգառը պետք է լինի Հայաստանում գործող որևէ ավտոկայան: Ավտոկայանում տվյալ տրանսպորտային միջոցը կենթարկվի տեխնիկական, իսկ վարորդները՝ բժշկական զննության։

Խստացվել է անվտանգության ևս մեկ բաղադրիչի վերահսկողություն. այսուհետ միջազգային փոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցներում պարտադիր է տախոգրաֆի առկայությունը:

Ավելի վաղ արտադրության մեքենաներում նախատեսվում է անալոգային տախոգրաֆների տեղադրում, իսկ նոր մեքենաներում թվային տախոգրաֆները սովորաբար ներկառուցված են լինում։

Նորոգվել է Հյուսիսային ավտոկայանի բուժկետը: