Հունվարի 25-27-ին Երևանում անցկացված Էներգետիկայի շաբաթ 2017-ի շրջանակում կազմակերպված ներդրումային համաժողովը ցույց է տվել, որ արտաքին ներդրողները լուրջ հետաքրքրություններ ունեն Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման ծրագրի իրականացման նկատմամբ, տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը։
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի խոսքով, համաժողովին մասնակից գրեթե բոլոր միջազգային ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Գեղարքունիքի վարչական տարածքում նախատեսվող արևային կայանի կառուցման նպատակով հայտարարվող մրցույթին։
Համաժողովում ներկայացվել է Մասրիկ 1 արևային կայանի կառուցման ծրագիրը, որի նախատեսված հզորությունը 50 մեգավատ է։ Մրցույթի հիմնական պայմաններից մեկը առաջարկվող սակագինն է։
Էներգետիկայի շաբաթ 2017 նախաձեռնության շրջանակներում մասնակցել է ավելի քան 4 տասնյակ ընկերություն։ Մասնակիցների ընդհանուր թիվը հասել է մոտ 400-ի։
Բաբայանի խոսքով, համաժողովի մասնակիցները բարձր են գնահատել արևային էներգետիկայի ոլորտում ցուցաբերված պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքների կազմակերպման թափանցիկությունը։
2016-ի նոյեմբերի 23-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնել է, որ մինչև 2020 թ.-ը ՀՀ կառավարությունը նախատեսում է էներգետիկ ծախսերը կրճատել 38 տոկոսով: Արևային էներգետիկայի զարգացման նպատակով, 2017-ից նախարարությունը նախատեսում է անցկացնել նաև միջազգային մրցույթ՝ 50 մգվտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար: Մրցույթում հաղթելու առաջին և ամենակարևոր նախապայմանը ցածր սակագինն է: