AM
31 January 2017 - 06:57 AMT

ՏՄՊՊՀ. Բենզինի՝ 10 դրամով թանկացումը ֆիքսվել է և հսկողության տակ է

Հունվարի 30-ին ՀՀ-ում վաճառվող բենզինի գինը թանկացել էր 10 դրամով՝ 330 դրամից հասնելով 340 դրամի:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ բենզինի թանկացումը ֆիքսվել է հանձնաժողովի կողմից և կդրվի քննարկման, քանի որ բենզինի ոլորտը գտնվում է հանձնաժողովի մշտական հսկողության տակ:

Միաժամանակ նշվեց, որ վերջին շրջանում բենզինի գնանկումը պահպանվում է. 2016-ի վերջին ամիսներին բենզինի գինը նվազել է 380 դրամից մինչև 330 դրամ՝ 50 դրամով, իսկ այժմ գնանկումը պահպանվում է 40 դրամի սահմաններում:

2016-ի Ամանորին ընդառաջ բենզինն էժանացել է 3.2 տոկոսով, դիզելային վառելիքը` 1.7 տոկոսով: Ընդհանուր առմամբ, 2015-ի համեմատությամբ բենզինն էժանացել է 14. 7 տոկոսով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը բենզինի էժանացումը պայմանավորել էր դաշտում նոր ներկրող հայտնվելով՝ մրցակցության արդյունքում: