2018 թվականի մարտին «Լիդիան Արմենիա»-ն կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը։ Այս մասին հայտարարվել է փետրվարի 2-ին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և «Լիդիան ինթերնեյշնլ» ՍՊԸ նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակության հանդիպմանը:
«Ուրախ եմ ծրագրի մեկնարկի համար և հուսով, որ շինարարական աշխատանքը նոր թափով կշարունակվի ու 2018 թվականի մարտին ձեռնարկությունը կշահագործվի և կթողարկի իր առաջին արտադրանքը», – ասել է Սուրեն Կարայանն՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է այս ծրագիը, որը կնպաստի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը։
Հովարդ Սթիվենսոնը տեղեկացրել է, որ Ջերմուկում շինարարական աշխատանքը նոր թափ է ստանում, և 2018 թվականի մարտին «Լիդիան Արմենիա»-ն կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը։
«Մեզ համար շատ հեշտ է աշխատել Հայաստանի կառավարության հետ, քանի որ այն շատ բաց է և արագ է արձագանքում մեր բոլոր առաջարկություններին: Ծրագիրն իրականացնելու ենք 18 ամսվա ընթացքում՝ սկսած ներկա ժամանակաշրջանից մինչև 2018 թվականը: Պատրաստվում ենք 370 միլիոն դոլարի ներդրում կատարել և 700 աշխատատեղ ստեղծել 10 տարով (մշտական) և 1300-ը` համատեղ։
Այս ծրագրով սպասվում է տարեկան 259 միլիոն դոլարի արտահանում և 370 միլիոն դոլարի ներդրում: Կարծում եմ` այն կօգնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրագործելու իր բոլոր նպատակներն ու ծրագրերը, – նշել է Հովարդ Սթիվենսոնը:
Ամուլսարում շինարարությունը սկսվել է 2016-ին, ոսկու արդյունահանումը ակնկալվում է սկսել 2018 թ. առաջին եռամսյակում:
Կարդացեք նաև՝ ՀԲՃ. Ամուլսարում հանք բացելու դեպքում կվտանգվի Սևանա լիճը, Ջերմուկը, Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելը