ՀՀ-ն ներդրումային ծրագրեր ունի, որոնք կարող են հետաքրքրել չինական կողմին: Այս մասին տեղեկացվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպմանը:
Նախարարը դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրողների համար նպաստավոր պայմանները՝ Եվրասիական տնտեսական միության շուկան, ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող GSP+ համակարգը, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի կողմից տրամադրվող GSP համակարգը, ինչպես նաև այն բոլոր գործոնները, որոնք Հայաստանը գրավիչ ներդրումային միջավայր են դարձնում։
Կարայանը դեսպանին տեղեկացրել է մշակված ներդրումային ծրագրերի մասին, որոնք կարող են հետաքրքրել չինացի ներդրողներին:
Դեսպան Էրլունը նշել է, որ Հայաստանը Չինաստանի համար կարևոր տնտեսական գործընկեր է։ Դեսպանն առաջարկել է խորացնել տնտեսական համագործակցությունը հատկապես ներդրումային ոլորտում, որտեղ կա ներուժ և անելիք։ Դեսպանը հավելել է, որ ներդրումային ծրագրերը կփոխանցվեն պոտենցիալ ներդրողներին։
Դեսպան Էրլունը նաև նախարար Կարայանին փոխանցել է մայիսին Պեկինում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության ֆորումին մասնակցության հրավերը։
Նախարարը և դեսպանը մտքեր են փոխանակել Իրանի սահմանակից գոտում ստեղծվող ազատ տնտեսական գոտում չինացի գործարարների և ներդրողների մասնակցության, ինչպես պղնձաձուլարանի հիմնման հեռանկարների վերաբերյալ։
2016-ի հունիսին ՀՀ կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական գոործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր: Նշվել է, որ երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ համապատասխան քայլեր իրականացնել, նաև ֆինանսավորել արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում կարճաժամկետ, երկարաժամկետ ու հեռանկարային խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար: