ՀՀ-ն կարող է հոլանդացի ներդրողներին ներկայացնել 30-ից ավելի ներդրումային ծրագիր: Այս մասին տեղեկացվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ևՆիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի հետ հանդիպմանը:Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-նիդերլանդական տնտեսական կապերի դրությունն ու հետագա հեռանկարները:
Դեսպանի խոսքով՝ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն երկու կողմին։ Դեսպան Դաուման նախարարի հետ քննարկել է հոլանդական կառավարության և տարբեր կազմակերպությունների օժանդակությամբ Հայաստանում իրականցվող ծրագրերը, մասնավորապես՝ դրանց գրանցած հաջողությունները գյուղատնտեսության ոլորտում։
Կարայանը դեսպանի հետ զրույցում նշել է․ «Ձեր աջակցությամբ մենք կարող ենք հոլանդացի ներդրողներին ներկայացնել 30-ից ավելի ներդրումային ծրագիր, որոնք կհետաքրքրեն նրանց՝ մուտք գործելու հայկական շուկա։ Այսօր մենք իրականացնում ենք կտրուկ և արագ բարեփոխումներ Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը բարելավելու ուղղությամբ»։
Նախարարը ներկայացրել է ներդրումային ծրագրերի այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքրել հոլանդացի գործընկներներին՝ գյուղատնտեսություն և վերամշակում, էներգետիկայի ոլորտում արևային կայաններ, վերակագնվող էներգիա։
Դեսպան Դաուման նշել է, որ հենց այս ոլորտներն են նիդերլանդացի գործարարների հետարքրության ոլորտում։
Դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներդրումային փաթեթը կփոխանցվի վերջինիս։ Կողմերը պայմանավորվել են շարունակական հանդիպումների միջոցով վեր հանել այն հստակ հարցերը, խնդիրները և ծրագրերը, որոնց լուծումը և իրականացումը զարկ կտան հայ-նիդերլանդական տնտեսական կապերի խորացմանն ու առևտրաշրջանառության աճին։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզեր կատարած այցերի արդյունքում հավաքագրել են բիզնես գաղափարներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: Արդեն իսկ հավաքագրվել է 160 ծրագիր, որոնցից մոտ 110-ը հենց մարզերից է՝ մոտ 240 միլիոն դոլար արժողությամբ:
Կարդացեք նաև՝ Գյուղոլորտում 2017-ին մոտ $120 մլն կներդրվի