AM
14 February 2017 - 12:23 AMT

«Կոնտուր Գլոբալ»-ը $80 մլն կներդնի Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վերազինման համար

«Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից նախատեսվում է մոտ 80 մլն դոլարի ներդրում՝ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վերազինման և վերանորոգման համար:

«Կոնտուր Գլոբալը» հնարավորություն կունենա վերանորոգել 404 ՄՎտ հզորություն ունեցող «Որոտանի ՀԷԿ-երի համալիրը», որի մի շարք մասեր գրեթե չորս տասնամյակի հնություն ունեն։

Նախարարությունում տեղի ունեցած ներդրումային հանձնախմբի հերթական նիստի ժամանակ ներկայացնելով Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը նշել է, որ ջրամբարի շինարարությունը կմեկնարկի գարնանը։ 95 մլն դոլար արժողությամբ ծրագիրը կիրականացնի իրանական և հայաստանայան ընկերությունների կոնսորցիումը:

Ըստ նրա, 2017-18 թթ. կկառուցվեն նաև Գետալիճ-Քաղցրաշեն, Մեղրու աջ թև, Բաղրամյան-Նորակերտ ջրագծերը: Այդ նպատակով իրականացվող ներդրումների ծավալը կկազմի 20 մլն դոլար, հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրերին՝ փոխնախարար Վարդան Գևորգյանը տեղեկացրել է, որ «Լիդիան Արմենիա», «Թեղուտ» և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերություններն առաջիկա տարիներին կիրականացնեն մոտ 250 մլն դոլարի ներդրումներ:

Բաշխիչ ցանցերի վերազինման նպատակով, նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի հաղորդմամբ, ավելի քան 40 մլն դոլար կներդնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Ըստ նրա, համակարգի ձեռնարկություններն առաջիկա տարիներին կիրականացնեն 1,5 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր:

«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրը» բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայաններից, որոնց բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրահամակարգի սահմանված հզորությունների շուրջ 15%-ը։ Համալիրի հզորության մեծացումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, որի ընդհանուր էներգետիկ պահանջարկի մոտ 90 տոկոսը բավարարվում է ներմուծված վառելիքի հաշվին։

ՀԷՑ-ին են պատկանում 36 հազար կմ երկարությամբ ցանցերը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Ընկերությունը 100 տոկսով պատկանում էր ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում:

Ընթերցեք նաև. $140 մլն ՝ Որոտանի ՀԷԿ-երի վերանորոգմանը. Տարեկան 1,150 գՎտ/ժ էներգիայի արտադրություն է ակնկալվում