Փոքր ՀԷԿ-երի մասնաբաժինը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում ավելացել է։ 2016-ին այն կազմել է արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 13 տոկոսը, որը 4 տոկոսով գերազանցել է 2014թ. ցուցանիշը։
Էներգաարտադրության կառուցվածքում փոքր ՀԷԿ-երի մասնաբաժնի փոփոխությունը կապված է ինչպես կայանների թվի, այնպես էլ արտադրության ծավալների ավելացման հետ։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով, 2017-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործել է 178 փոքր հիդրոկայան։ 2016-ի ընթացքում դրանց քանակը համալրվել է 5-ով։ Փոքր ՀԷԿ-երի գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 328 ՄՎտ։ 2016թ. դրանք արտադրել են գրեթե 957 մլն.կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի քանակը կշարունակի ավելանալ:
«Ըստ տրամադրված լիցենզիաների, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում է գտնվում ևս 39 ՓՀԷԿ՝ նախագծային մոտ 74 մեգավատ գումարային հզորությամբ և 260 մլն.կվտ/ժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ»,- ասել է Բադալյանը։
Ըստ նրա, Հայաստանը լուրջ կարևորություն է տալիս արդյունավետ, բնապահպանական տեսանկյունից՝ անվտանգ փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացին՝ այն համարելով վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություններից մեկը:
Շարունակվում է ՀԷԿ-երի նկատմամբ տեխնիկական նոր պահանջների սահմանման գործընթացը: Այն հնարավորություն կտա բարելավել շահագործման պայմանները և ապահովել փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացումը։
Բնապահպանները հավաճ ահազանգում են փոքր ՀԷԿ-երի պատճառով գետերի էկոլոգիական վիճակի վատթարացման մասին: Օրինակ, 2011-2012թթ.-ին Գեղարոտ գետի վրա «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր ՀԷԿ-երի կառուցումից և շահագործումից հետո, գետի էկոլոգիական վիճակը գնալով վատթարացավ, ներկայում դիտվելով խիստ ռիսկային և ճգնաժամային։