Վրաստան կատարելիք այցից դրական ակնկալիքներ կան: Այդ մասին ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում
«Բնական է՝ կքննարկվի նաև Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը», – ասաց նախարարը, հայտնում է Aysor.am-ը։
Անդրադառնալով ռուսական և վրացական կողմերից հարցի վերաբերյալ հայտարարություններին՝ Վահան Մարտիրոսյանն ասել է. «Դա ավելի շատ ռուս-վրացական հարաբերություններ են, շատ նուրբ հարաբերություններ են, որոնց մասին հիմա շատ բարձրաձայնելը երևի ավելորդ կլինի։ Հայաստանը միայն կարող է ինչ-որ ձևով աջակցել դրան»։
Այլ մանրամասներ նախարարը խոստացել է ներկայացնել հանդիպումից հետո։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 23-24-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թբիլիսին ողջունում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքով բեռնափոխադրումները վերսկսելու հեռանկարը:
Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գրիգորի Կարասինը Պրահայում տեղի ունեցած հերթական աշխատանքային հանդիպման ժամանակ պայմանավորվել են արագացնել դեռևս 2011-ին կնքված վրաց-ռուսական սահմանին ապրանքաշրջանառության դիտարկման մասին պայմանագրի իրագործումը:
Պայմանագիրը թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին: Դա թույլ կտա գործարկել Հարավային Օսեթիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար:Այդպիսի համակարգը թույլ կտա կողմերին խուսափել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նուրբ հարցից: