Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավորները եւ փորձագետները, որոնք Ստեփանակերտ են ժամանել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում «Ռուսաստանի հայերի միության» օրերի տոնակատարության շրջանակներում, հանդիպել են ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Հյուրերի խնդրանքով, Արկադի Ղուկասյանը ծանոթացրել է նրանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս վիճակին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը: Նախագահը տեղեկացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության ձեռնարկած միջոցներին` հանրապետությունում քաղաքացիական հասարակության ձեւավորման, ինչպես նաեւ տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցերում: Հանդիպման մասնակիցները համանման կարծիք հայտնեցին Ռուսաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հասարակությունների միջեւ հոգեւոր եւ մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտության վերաբերյալ: