ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը նամակ է հղել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին եւ այլ շահագրգիռ միջազգային կազմակերպություններին, որում խնդրել է վերջ տալ ադրբեջանական կողմի հերյուրանքներին: «ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կողմից տարածված Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքների մեծ մասը զուրկ է տեղեկատվության կոնկրետ աղբյուրների վկայակոչումից: Տրամադրված տվյալների ստուգման նպատակով ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը դիմել է այն պետական կառույցներին, գիտական հաստատություններին եւ ԶԼՄ-ներին, որոնց վկայակոչում էր ադրբեջանական կողմը: Ստացված պաշտոնական տվյալները վկայում են այն մասին, որ կամ այդ աղբյուրները գոյություն չունեն, կամ էլ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է ուղերձում: Նամակում նշվում է, որ չարամիտ զրպարտանքի տարածումը հանդիսանում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված տեղեկատվական պատերազմի բաղկացուցիչ մասը եւ գնահատվում է որպես ռազմական գործողությունները վերսկսելու քարոզչական նախապատրաստություն: Ընդգծվում է նաեւ, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են հայտարարել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստականության մասին, մերժում են Լեռնային Ղարաբաղի ղեկավարության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները` տարածաշրջանում վստահության միջոցներ հաստատելու վերաբերյալ: Պաշտոնական Բաքվի նման քաղաքականությունը, նշվում է նամակում, հակասում է կարգավորմանը խաղաղ ճանապարհով հասնելու պարտավորությանը, որն Ադրբեջանը ստանձնել է Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ուղերձին կցվում է երկու լրացում, որոնցից մեկում տրվում է ադրբեջանական կողմից ներկայացված տեղեկությունների հերքումը, իսկ մյուսում` Ադրբեջանի պաշտոնական անձանց պատերազմը վերսկսելու կոչերով արտահայտությունները: Նաիրա Մելքումյանը կրկին հաստատել է համապատասխան միջազգային կառուցվածքներին ուղղված Ղարաբաղի ղեկավարության խնդրանքը` Լեռնային Ղարաբաղ ուղարկել անկախ փորձագետների խումբ, որը տեղում կուսումնասիրի ադրբեջանական կողմի անհիմն պնդումները եւ իր անձնական եզրահանգումները կկայացնի: