Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 20-ին ներկա է գտնվել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում, նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությանը:
Նոր ջերմաէլեկտրակայանի հիմնարկեքի արարողության շրջանակում նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին ստորագրել են համատեղ հուշաթերթ, որը պարկուճի մեջ դրել են կառուցվող ՋԷԿ-ի հիմքում:
Ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը նախատեսում է մոտ 250ՄՎտ հզորությամբ և մինչև 53 % ընդհանուր ՕԳԳ-ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում, զարգացում, ֆինանսավորում, շինարարություն, շահագործում և տեխնիկական սպասարկում:
Պատասխանատուների հավաստմամբ, ներդրումները կկազմեն մոտ 285 մլն դոլար: Շինարարական աշխատանքները կտևեն 26 ամիս և կավարտվեն 2019 թվականի երկրորդ կեսին:
Միայն շինարարության ընթացքում կստեղծվի 900 ժամանակավոր աշխատատեղ, իսկ շահագործման հանձնելուց հետո` մոտ 200 մշտական և բարձր վարձատրվող աշխատատեղ: Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործման և տեխսպասարկման գործունեության տևողությունը 20 տարի է:
«Ռենկո» ընկերության կողմից Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը (էլէկտրակայանը) պատասխանատուների և մասնագետների հավաստմամբ, նախագծվել է ամենաժամանակակից և որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Միջոցառման մասնակիցները կայանի կառուցումը կարևոր քայլ են համարել հաջորդ տասնամյակներում Երևանի բնակիչների էներգետիկ ապահովության և բարեկեցության համար:
Ոլորտի պատասխանատուները նշել են, որ 2019 թվականին կավարտվեն Հայաստան-Իրան 400 կՎ երկշղթա երրորդ և Հայաստան-Վրաստան 400 կՎ նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի շինարարական աշխատանքները, և նկատի առնելով, որ 2019 թվականին ծրագրվում է ավարտել նաև այս նոր էներգաբլոկի շինարարությունը՝ այն հնարավորություն կտա Հայաստանին ապահովել հարևան երկրներ էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունն ու անխափանությունը և դառնալ տարածաշրջանի էլեկտրաէներգետիկական շուկայի կարևոր մասնակից, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
ՀՀ կառավարության 2015-ի նոյեմբերի 19-ի նիստում հավանության էր արժանացել Հայաստան և «ՌԵՆԿՈ» ՍՊԸ-ի միջև կնքվող` Երևան քաղաքի տարածքում «Համակցված շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:
Ըստ նախագծի՝ ՀՀ կառավարությունը պարտավորվում է էլեկտրակայանը կառուցելուց հետո 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության համար էլեկտրակայանին ապահովել անհրաժեշտ գազի մատակարարումը: «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է վաճառել ամբողջ էլեկտրաէներգիան ՀՀ կառավարությանը, իսկ վերջինս՝ երաշխավորում է դրա ձեռք բերումը՝ 6.62 ԱՄՆ ցենտ գնով՝ գումարած ԱԱՀ-ն և ցանկացած լրացուցիչ հարկ կամ տուրք: