AM
9 October 2002 - 15:20 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Այցով Թբիլիսիյում գտվող Հայաստանի խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանն այսօր իր վրաց գործընկեր Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը: ՀՀ ԱԺ խոսնակը հայտարարել է, որ Հայաստանը գտնվում է երկաթուղային շրջափակման մեջ, ինչի պատճառով արգելակվում է երկրի տնտեսական զարգացումը: Խոսնակի կարծիքով, Հայաստանի տնտեսության վերականգնումը պետք է դիտվի ողջ Կովկասի զարգացման համատեքստում, քանի որ Հայաստանի բարեկեցությունը դրական ազդեցություն կունենա ինչպես Վրաստանի բարեկեցության, այնպես էլ վրաց-աբխազական խնդրի լուծման վրա: Նինո Բուրջանաձեն նշել է, որ չնայած որոշակի ժամանակ Վրաստանը կոշտ դիրք էր գրավել երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում, ներկայումս Թբիլիսիի դիրքորոշումն ավելի փոխզիջումային է դարձել: Երկաթուղային հաղորդակցության վերականգնումն Աբխազիայում նպատակահարմար կլինի, եթե զուգահեռաբար սկսվի փախստականների վերադարձն այդ տարածաշրջան, ասել է Բուրջանաձեն: Բուրջանաձեի խոսքերով, շատ բան կախված է Ռուսաստանի դիրքորոշումից, որը «վերջ ի վերջո պետք է վերադառնա իր պարտավորությունների կատարմանը, եւ ոչ թե հանդես գա հակամարտության հրահրողի դերում»: