Նախկինում Վրաստանի և Ռուսաստանի տարածքով բեռների փոխադրումներն իրականացվում էին բարձր սակագներով, ինչն անդրադառնում էր և՛ բեռնափոխադրման գործընթացի, և՛ գնային քաղաքականության վրա: Այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով այդ ոլորտում ձեռնարկված քայլերին:
Վարչապետը տեղեկացրել է, որ նշված ուղղություններով բեռնափոխադրումների համար կիրառվող սակագները նվազեցնելու նպատակով տեղի են ունեցել Հայաստան-Վրաստան-Ռուսաստան եռակողմ բանակցություններ:
«Վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ մտան այս տարվա փետրվարի 22-ից, իսկ ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները՝ մարտի 13-ից։ Մինչև 2017թ. հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով՝ կախված բեռի տեսակից»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:
Նման զեղչերը թույլ են տալիս գործարարներին օգտվել մրցակցային սակագներից Վերին Լարսի այլընտրանքային երթուղում և տնտեսել ժամանակն ու ֆինանսները:
Երկաթուղալաստանավային փոխադրումների սակագների նվազումը վերաբերվեում է Հայաստան և Հայաստանից բեռնափոխադրումներ կատարող բոլոր ներմուծող-արտահանողներին: Բացի այն, որ լաստանավային բեռնափոխադրումները էապես էժանացել են ավտոմոբիլայինների հետ համեմատ, Կավկազ-Փոթի հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները փետրվարի 10-ից իրականացվում են կանոնավոր կերպով՝ համաձայն չվացուցակի:
2017-ի փետրվարի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնել էր Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում վագոններով բեռների փոխադրման սակագների իջեցման մասին՝ Հայաստանի ներմուծման և արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումների ակտիվացման և երկաթուղային տրանսպորտի մրցակության մակարդակի բարձրացման նպատակով:Զեղչերը տարբերակված են և հաստատվել են տարբեր բեռների համար անհատապես: Բեռների որոշ տեսակների համար սակագները նվազել են 80%-ով: