Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը նվաճումներով է վերադառնում ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում անցկացվող հեղինակավոր «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթից: Այս անգամ մեր թիմը բրոնզե մեդալով է վերադարձել՝ «մարտական ռոբոտ» (Combat Robot) անվանակարգում:
Ավելի քան 1300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ էին ներկայացված ՌԱՄ 2017-ին:
ՌԱՄ 2016-ին մեր թիմը արժանացել է գլխավոր՝ Հոնդայի ինովացիոն մրցանակին և արծաթե մեդալի` «սումո ռոբոտ» անվանակարգում:
Այս տարի «Այբ»-ի երեխաները մրցույթին ներկայացել էին մարտական ռոբոտով: Մեր ռոբոտը երկու օր շարունակ մարտի մեջ էր այլ ավագ դպրոցների և քոլեջների ներկայացրած տասնյակ ռոբոտների հետ:
«Նախորդ տարվա համեմատ՝ մրցույթին մասնակցող թիմերն ահագին զարգացում էին ապրել. բոլորն ավելի պատրաստված էին, ռոբոտներն էլ՝ ավելի կատարելագործված»,- նշել է ռոբոտաշինության խմբի առաջնորդ Սիմոն Զոհրաբյանը:
«Մենք ստեղծել էինք ռոբոտ, որի առաջադրանքն էր ոչնչացնել հակառակորդին: Եվ մեր ռոբոտը հեշտությամբ էր կատարում իր առաքելությունն ու վնասազերծում մյուսներին: Բայց ցավոք, ուշ պարզեցինք, որ մրցավարները միավորները հաշվում էին հարվածների քանակով: Այդ է պատճառը, որ արծաթ կամ ոսկի չշահեցինք»,- պատմում է «Այբ»-ի ռոբոտաշինության խմբի անդամ Արեգ Կարապետյանը:
«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը գործում է 2011 թ.-ից և հասցրել է տպավորիչ հաղթանակներ տանել մի շարք մրցույթներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: 2012 թվականին ArmRobotics բաց մրցույթին «Այբ» դպրոցը ներկայացնող երեք թիմերից երկուսը գրավել են 1-ին և 2-րդ տեղերը՝ գծին հետևող ռոբոտներով, իսկ 2014 թվականին, նույն մրցույթում` «Այբ»-ի ռոբոտիկայի թիմը գրավել է պատվավոր առաջին տեղը: 2013 թվականին Թրինիթի քոլեջի (Կոնեկտիկուտ, ԱՄՆ) «Հրշեջ ռոբոտ» միջազգային մրցույթում, աշխարհի 7 երկիր ներկայացնող 130 թիմի մեջ, «Այբ» դպրոցինը լավագույնն է ճանաչվել իր AybStorm ռոբոտով՝ էլեկտրոնիկայի տեսական լուծումների համար:
«Այբ»-ն իր երկու թիմով հաջող է ներկայացել նաև 2014 թ.-ին Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային: Արձանագրվել են նաև այլ նվաճումներ:
«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1986 թ.-ին և համարվում է աշխարհում ռոբոտաշինության ամենաերկարակյաց մրցույթը: Այն բաղկացած է 12 անվանակարգից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբո հոկեյ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն: Մրցույթին կարող են մասնակցել անհատներ կամ թիմեր տարրական, միջին, ավագ դպրոցներից և քոլեջներից:






