Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 6-ին կմեկնի Քիշինեւ` ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին մասնակցելու համար: Մոլդովայի մայրաքաղաքում կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են Համագործակցության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ազատ առեւտրի գոտու ստեղծմանն, Միջին Ասիայում ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի ձեւավորմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարի կազմակերպմանը: Վեհաժողովի ընթացքում նախատեսվում է ընդունել սահմանների պաշտպանության բնագավառում ԱՊՀ երկրների համագործակցության կատարելագործման ծրագիր: Օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանում 2003 թվականի նախագահական ընտրություններին ԱՊՀ-ից դիտորդներ ուղարկելու հարցը: Քիշինեւում ԱՊՀ պետությունների ղեկավարների վեհաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ: Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ Մոլդովայի մայրաքաղաքում սպասվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ: