Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան հանձնաժողովի նիստի շրջանակներում քննարկվել է երկու երկրների միջեւ արտոնյալ ռեժիմով գործող ապրանքների ցուցակի ընդլայնման հարցը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նա նշել է, որ Հայաստանը արդեն ունի ԱՄՆ-ի հետ արտոնյալ ռեժիմ, որը տարածվում է ծխախոտի առեւտրի վրա: «Մենք խոստացել ենք որոշել այն ապրանքները, որոնք կհաջողվի արտահանել ԱՄՆ արտոնյալ պայմաններով»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով, ամերիկյան կողմի այս առաջարկը հետեւել է Հայաստանի առաջարկին երկկողմ առեւտրի զարգացման պայմանագիր կնքելու վերաբերյալ: «Որոշ երկրներ արդեն ունեն ազատ առեւտրային ռեժիմ ԱՄՆ-ի հետ, սակայն Հայաստանի համար դա դեռեւս շատ բարդ հարց է»,- ասել է Վ.Խաչատրայնը: Նա նաեւ ավելացրել է, որ հայկական կողմին հաջողվել է հետագա քննարկումների արձանագրության մեջ ընդգրկել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի հարցը: