Ապրիլի 19-ին «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև ստորագրվել է ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին պայմանագիր: Այն ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Ղուկասյանը:
Պայմանագրի ստորագրումից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գոտու ստեղծման համար մշակվել են ծրագրեր, գտնվել ներդրող և ընդունվել է ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշումը և ստորագրվել պայմանագիր կազմակերպչի հետ, գրում է Aysor.am-ը:
«Առաջին փուլում կազմակերպչի կողմից կիրականացվի մոտ 10 մլն դոլարի ներդրում, իսկ ԱՏԳ գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավվել մոտ 120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականցնեն 350-400 մլն դոլարի ներդրում, կստեղծվի ավելի քան 2500 նոր աշխատատեղ, իսկ միջին տարեկան արտահանումը կկազմի մոտ 80-100 մլն դոլար», – ընդգծել է նա:
Նախատեսվում է ազատ տնտեսական գոտին շահագործման հանձնել մինչև տարեվերջ:
Ավելի վաղ հայտարարվել է, որՍյունիքի մարզում ազատ տնտեսական գոտին ստեղծվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության բանաձևով։ Պետության մասնակցությունը ծրագրի իրականացմանը լրացուցիչ ազդակ կհանդիսանա ԱՏԳ-ում գործունեություն իրականացնելու համար հետքրքրված ընկերությունների համար։ Շահագործողների ներգրավման համար թիրախային ուղղություններն են ԵՏՄ երկրները, Իրանը և Մերձավոր Արևելքը, ԵՄ երկրները:
Կարդացեք նաև՝ Գործադիրը հաստատել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման որոշումը