AM
3 October 2002 - 18:07 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵԱՀԿ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԱՄՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ հանձնարարականների մեծամասնությունը, լրացումների եւ փոփոխությունների տեսքով, արդեն ամրագրվել է Հայաստանի գործող Ընտրական օրենսգրքում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով պատասխանատու Ալբերտ Դիսին: Նրա խոսքերով, եթե 1995 թվականին Հայաստանում կայացած ընտրությունները համեմատենք ներկայիս նախընտրական իրավիճակի հետ` ԵԱՀԿ եւ Եվրախորհըրդի զեկույցների համաձայն, ապա առկա են դրական փոփոխություններ: Այդ դրական պահերի թվում Ալբերտ Դիսին մատնանշել է տեղական իշխանության ապակենտրոնացումը եւ միջազգային դիտորդների հանձնարարականների մեծամասնության կատարումը: Ինչպես նշել է Ալբերտ Դիսին, իր կողմից գլխավորած կազմակերպությունն այս տարի պատրաստվում է ակտիվ աջակցություն ցույց տալ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ դրանց հաջորդող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման գործում: Դիսին հիշեցրել է, որ վերջերս ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության եւ ԿԸՀ-ի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն մասին, որ ամերիկյան կազմակերպություններն աջակցություն ցույց կտան ՀՀ ԿԸՀ-ին ընտրությունների գործընթացում: