AM
2 May 2017 - 09:27 AMT

ՄԱԿ. ՀՀ-ում 2017-ին 2,5% տնտեսական աճ կգրանցվի

Հայաստանի տնտեսական աճը 2017-ին կավելանա մինչև 2,5 տոկոս, իսկ 2018 թ.-ին` մինչև 3 տոկոս: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հետազոտություն 2017» զեկույցում:

ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ Ռուսաստանում ակնկալվող տնտեսական աճը պետք է օգնի ակտիվացնել դեպի Հայաստան իրականացվող դրամական փոխանցումները, որոնց բաժին է հասնում Հայաստանի ՀՆԱ-ի 13 տոկոսը, հայտնում է ԱՌԿԱ-ն:

«Սպառողական ծախսերը, հատկապես ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների, ևս կշահեն ընտանեկան նպաստների ծրագրերի ընդլայնումից: Բացի այդ, Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանից դեպի ՌԴ երկաթուղային հաղորդակցության կառուցումը կնպաստի տնտեսական ակտիվությանը», – նշվում է զեկույցում:

Մյուս կողմից, ինչպես նշում է ՄԱԿ-ը, Հայաստանում ֆիսկալ աջակցությունն առաջիկա տարիներին պակաս ուժեղ կլինի, քանի որ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը գերազանցել է օրենքով սահմանված 50 տոկոսի շեմը, ինչը պահանջում է բյուջետային քաղաքականության խստացում:

Մինչդեռ 2016-ի գնանկումից հետո, ՄԱԿ-ի կանխատեսումներով, 2017-ին ընդհանուր գները կաճեն 1,5 տոկոսով և 3 տոկոսով` 2018-ին:

Ըստ ՀՀ պետբյուջեի, ՀՆԱ աճը 2017-ին կկազմի 3.2%: ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսել էր 2.7% տնտեսական աճ, ՄԱԿ-ը՝ 2.7%, Fitch-ը՝ 2.1%: