AM
2 May 2017 - 09:39 AMT

Տվյալների փոխանակման մասին արձանագրություն՝ ՀՀ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսայինի միջև

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման մասին արձանագրություն է ստորագրվել: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ ապրիլի 27-29-ն աշխատանքային այցով Թեհրանում էր գտնվում ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Արձանագրությունը ստորագրվել է Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության նախագահ Մասուդ Քարբասիանի հետ հանդիպման արդյունքում:

Աղբյուրը հաղորդում է, որ կողմերը քննարկել են երկու երկրի համապատասխան մարմինների միջև գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հետ կապված հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են, որ այն կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության աճին, տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների մեծացմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:

Իրանի մաքսային ծառայության ղեկավարը կարևորել է երկրների կողմից Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի օգտագործումը, ինչի մասին նշված ՀՀ և ԻԻՀ նախագահների 2016 թ. դեկտեմբերի 21-ին Երևանում ընդունած համատեղ հայտարարությունում:

Վարդան Հարությունյանը գոհունակություն է հայտնել, որ իրանական կողմը ձեռնամուխ է եղել հայկական համարանիշներով ավտոմեքենաների Իրան մուտքի համար վճարների հետ կապված խնդիրների լուծմանը և հույս հայտնել, որ շուտով այն կկարգավորվի:

Թեհրան այցի ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: ՀՀ պատվիրակության անդամներն «Արարատ» մարզավանում հանդիպել են նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: