AM
10 May 2017 - 13:57 AMT

Նախարարություն. ՀՀ ճանապարհները վերանորոգվում են

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին փոսային նորոգման աշխատանքները շարունակվում են։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այս անգամ շրջայց է կատարել Երևան – Արտաշատ – Արարատ – Եղեգնաձոր – Վայք – Սիսիան – Գորիս ուղղությամբ։

Հանրապետական ճանապարհների անմխիթար վիճակը ձմեռվանից հետո ՀՀ-ում մեծ դժգոհությունների պատճառ էր դարձել:

Արարատի տարածաշրջանի ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները հիմնականում ավարտվել են։ Այժմ ճանապարհաշինարարներն իրականացնում են կողնակների մաքրման, ճանապարհային նշանների ու գծանշումների թարմացման աշխատանքներ։

Եղեգնաձորի ավտոճանապարհներին աշխատանքներն իրականացվում են հատվածաբար։ Կտրման, մաքրման, խճապատման և ասֆալտապատման աշխատանքները կատարվում են միաժամանակ։ Առկա է անհրաժեշտ տեխնիկա, աշխատում են ինտենսիվ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Վայք» ճանապարհաշինական ընկերության տնօրեն Կարո Գևորգյանը նախարարին ներկայացրել է աշխատանքների ընթացքը: Փոսային նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց կան հատվածներ, որտեղ նորոգումներն անարդյունավետ են, քանի որ սողանքային գոտում են։

Մի քանի տարի առաջ սողանքի պատճառով ճանապարհը փլուզվեց։ Դեռևս խորհրդային շրջանում կառուցված հենապատն այլևս չդիմացավ։ Այդ հատվածում նոր հենապատ կառուցվեց, խնդրին ժամանակավոր լուծում տրվեց, բայց հիմա սողանքն ավելի է ակտիվացել, և անհրաժեշտություն կա ևս մի քանի հատվածներում նոր հենապատեր կառուցելու։

Սարավանի ոլորանների մի հատված ևս սողանքային գոտում է։ Անհրաժեշտ է, որպեսզի ճանապարհը վերակառուցվի ու դուրս բերվի սողանքային գոտուց։ Նախարարը հանձնարարել է հրավիրել նախագծողների, տեղում իրականացնել ուսումնասիրություններ։ Իսկ մինչ այդ աշխատանքներ կկատարվեն խնդրին ժամանակավոր լուծում տալու ուղղությամբ։

Սիսիանի տարածաշրջանն սպասարկող ճանապարհաշինական ընկերության տնօրենը նշել է, որ ամեն տարի կատարվում են փոսային նորոգումներ, սակայն ճանապարհի տարբեր հատվածներում ճաքերն այնքան են խորացել, հիմքը քայքայվել, որ այլևս հնարավոր չէ նորոգել։

Եղած փոսերին այստեղ ավելացել էին նաև մի քանի կիլոմետր ձգվող կտրվածքները։ Ճանապարհի այս և մյուս հատվածներում բնականոն երթևեկություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ նախարարը խստագույնս հանձնարարել է աշխատել շուրջօրյա և առանց առկա կտրվածքներն ասֆալտապատելու նորերը չկտրել։

Վահան Մարտիրոսյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ ճանապարհների փոսային նորոգումների և հիմնանորոգումների ընթացքը մշտապես գտնվելու է իր անմիջական խիստ հսկողության ներքո: Նա հանձնարարել է աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի դրանք հնարավորին քիչ անհարմարություն պատճառեն երթևեկության մասնակիցներին: