Հաղարծինի հատվածում, որը հայտնի էր փոսերով, ճանապարհի վատ վիճակով, մայիսի 10-ից սկսվել է կապիտալ շինարարություն, ոչ թե փոսալցում: Այդ մասին հայտնել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Հանրապետական ճանապարհների անմխիթար վիճակը ձմեռվանից հետո ՀՀ-ում մեծ դժգոհությունների պատճառ էր դարձել:
«Տասը օրվա ընթացքում ավարտվելու են աշխատանքները»,- հավելել է նա, գրում է Panorama.am-ը:
Նախարարն ասել է, որ Հայաստանի ճանապարհները բարվոք վիճակի բերելու համար մոտավորապես 500 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր է հարկավոր, տարեկան մոտ 100 միլիարդ:
«Հնարավորությունները սահմանափակ են, անում ենք մաքսիմալ չափով»,- նշել է Մարտիրոսյանը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին փոսային նորոգման աշխատանքները շարունակվում են: Մայիսի 10-ին նախարար Վահան Մարտիրոսյանն այս անգամ շրջայց էր կատարել Երևան – Արտաշատ – Արարատ – Եղեգնաձոր – Վայք – Սիսիան – Գորիս ուղղությամբ։ Վահան Մարտիրոսյանը մեկ անգամ ևս շեշտել էր, որ ճանապարհների փոսային նորոգումների և հիմնանորոգումների ընթացքը մշտապես գտնվելու է իր անմիջական խիստ հսկողության ներքո: Նա հանձնարարել է աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի դրանք հնարավորին քիչ անհարմարություն պատճառեն երթևեկության մասնակիցներին:
Ընթերցեք նաև.Նախարարություն. ՀՀ ճանապարհները վերանորոգվում են