AM
25 Մայիս 2017 - 12:18 AMT

Հայաստանում բջջային ստորագրության համակարգ կներդրվի հեռախոսով պետծառայություններից օգտվելու համար

Հայաստանում հնարավոր կլինի օգտվել պետական ծառայություններից բջջային հեռախոսների միջոցով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Մասնավորապես, որոշմամբ նախատեսվում է կարգավորել ՀՀ նույնականացման քարտերով և բջջային կապի օպերատորների կողմից թողարկված հեռախոսաքարտերում տեղադրված անհատական ստորագրությունների հավաստագրերով էլեկտրոնային ծառայությունների մատուցման ընթացակարգերը: Նախատեսվում է ստեղծել անհատի խիստ նույնականացման իրականացման և էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրության կիրառման համար ինտեգրման նախապայմաններ։

Այդ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ է ապահովել պետական մարմիններին ինտերնետով դիմող դիմող անձանց խիստ նույնականացում: Հարկավոր է նաև ապահովել էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերի և դրանց իրավաբանական ուժը հավաստող անհրաժեշտ միասնական գործիքակազմի կիրառում։

Որոշմամբ նաև սահմանվում են այն նվազագույն տեխնիկական չափորոշիչները, որոնք կիրառելի են բջջային ստորագրությունների օպերատորների կողմից նկարագրված ծառայություններ մատուցելու համար։

Միաժամանակ կապահովվի Եվրամիության առջև բյուջետային աջակցման դրամաշնորհային ծրագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը և ՀՀ քաղաքացիների համար կստեղծվեն էլեկտրոնային ծառայություններ ստանալու հարմարավետ և կիրառման տեսանկյունից առավել պարզ գործիքներ։