Հայաստանը Քաթարի Պետության քաղաքացիներին ազատել է ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից: Որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 1-ի նիստում:
Որոշման ընդունումը թույլ է տալիս Քաթարի Պետության քաղաքացիներին այցելել և մնալ ՀՀ-ում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Հայաստանի և Քաթարի միջև հարաբերություններն ու բազմակողմ գործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում են նոր առաջընթաց: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սրան զուգահեռ, ավելանում է տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Ներկայումս դեպի Երևան չվերթներ է իրականացնում Qatar Airways ավիաընկերությունը, և հետաքրքրություն կա ավելացնելու այդ չվերթների քանակը: Նկատելի է նաև Քաթարի քաղաքացիների՝ Հայաստան այցելությունների թվաքանակի էական աճ: Վերջիններիս այցելության հիմնական նպատակն է զբոսաշրջությունը, սակայն հետաքրքրված են նաև անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներով:
Բացի այդ, Քաթարի քաղաքացիների համար Հայաստանի հարևան երկրների կողմից արտոնագրային ռեժիմը միակողմանիորեն վերացնելու մասին ընդունած որոշումները էականորեն խթանում են դեպի այդ երկրներ զբոսաշրջությունը:
Հայաստանի և Քաթարի միջև նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել ՀՀ նախագահի՝ մայիսին Քաթար կատարած այցի շրջանակում: