AM
2 June 2017 - 07:11 AMT

Վերամշակող ընկերությունները մարել են պարտքի մի մասը՝ մոտ 1.4 մլրդ դրամի

Վերամշակող ընկերությունները մարել են գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ավելի քան 1.4 մլրդ դրամի պարտքը:

Հունիսի 1-ի դրությամբ պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 237.6 մլն դրամի չկատարված պարտավորություններ ունեն 10 ընկերություն:

Հունվարի 1-ի դրությամբ 2015-2016-ին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ավելի քան 1.6 մլրդ դրամի գումարի չափով չկատարված պարտավորություն են ունեցել թվով 20 վերամշակող ընկերություն:

Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:

2017-ի փետրվարի 8-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում վերամշակող ընկերությունները 2015-2016-ին գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած ֆինանսական պարտավորություններից մարել են 740.4 մլն դրամ գումար, այդ թվում` 5 ընկերություն ամբողջությամբ վճարել է պարտքերը: