AM
9 June 2017 - 11:37 AMT

ՊԵԿ. ՌԴ արտահանվող գյուղմթերքը վերահսկվում է

Հայաստանի տարածք 50 կիլոգրամը գերազանցող պտուղ-բանջարեղենի ներկրումը համարվում է ակնհայտ առևտրային քանակությամբ ներմուծում, որը պետք է իրականացվի համապատասխան մաքսատուրքի և հարկերի վճարմամբ: Այս մասին պարզաբանում է տարածել Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)՝ արձագանքելով պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Բագրատեշնի անցակետում լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ մարդկանց թույլ չեն տալիս Վրաստանում գնված մի քանի կիլոգրամ բանջարեղենը ներկրել՝ «հանապազօրյա հացն ապահովելու համար»:

ՊԵԿ-ը հղում է արել ՀՀ կառավարության՝ 2015թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշման և ԵՏՄ անդամ երկրների միջև կնքված համաձայնագրին:

ՊԵԿ տվյալներով օրվա ընթացքում մի քանի անգամ անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50կգ) ներկրում կատարելու և կուտակելու ճանապարհով օրական մոտ 8 տոննա բանջարեղեն է մտնում Հայաստան, որն ակնհայտ առևտրային քանակ է:

Մյուս կողմից, հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը երրորդ երկրներից որոշ ապրանքների, այդ թվում՝ բանջարեղենի ներմուծման նկատմամբ միակողմանի սահմանափակումներ է կիրառում, ըստ օպերատիվ տեղեկատվության՝ առկա է ռիսկ, որ այդ դրույթը շրջանցելու նպատակով երրորդ երկրներից բանջարեղենը ներկրվում է ՀՀ և ապրանքային խմբաքանակների ձևավորմամբ արտահանվում: Այդ դեպքում ապրանքը համապատասխան փաստաթղթերով ներկայացվում է որպես հայկական ծագման գյուղմթերք:

Ռուսաստանի մաքսային մարմնի կողմից նման դեպքերի բացահայտման արդյունքում ՀՀ-ից բանջարեղենի արտահանումը համարվում է ռիսկային: Արդյունքում տուժում է տեղական արտադրողը, ով չի կարողանում իսկապես հայկական գյուղմթերքն արտահանել ՌԴ շուկա: Այդ պատճառով ՀՀ մաքսային ծառայությունը օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանման նկատմամբ՝ երրորդ երկրների ծագման գյուղմթերքը որպես ՀՀ ծագման գյուղմթերք ՌԴ արտահանելու փորձերը կասեցնելու նպատակով, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կառավարության հունիսի 8-ի նիստում վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարին և Պետական եկամուտներին կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում մաքսային կետերում «մեկ պատուհան»-ի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը, այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողների համար մատչելի դարձնելու մեխանիզմները: