AM
1 October 2002 - 14:04 AMT

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամանակներս կհանդիպեն Եվրամիության ներկայացուցիչներին, որպեսզի քննարկեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի վերականգնմանն ուղղված հնարավոր օգնությունը: Այդ մասին տարածաշրջան կատարած այցի ավարտին հայտարարել է Ֆրանսիայի համանախագահ Հյուգ Փերնեն: Գոհունակություն հայտնելով ավարտված այցի կապակցությամբ` Ռուսաստանի փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը նշել է, որ բանակցությունները օգտակար էին ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համար, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների համար` հետագա «ռազմավարական ուղղությամբ» գործունեություն ծավալելու առնչությամբ: Խոսելով Հայաստանում եւ Ադրբեջանում նախընտրական իրավիճակների մասին, համանախագահներն ընդգծել են որ ներկայիս փուլում իրենց նպատակը պետության ղեկավարներին քննադատելը չէ, այլ ընդհակառակը` «մթնոլորտի բարելավումը»: Միաժամանակ, ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան հույս է հայտնել, որ առաջիկա նախագահական ընտրությունները չեն ազդի բանակցությունների վրա եւ գործնընթացում ընդմիջում չի լինի: