AM
13 Հունիս 2017 - 09:36 AMT

ՀՀ աշակերտուհիների բջջային հավելվածը՝ համաշխարհային մրցույթի հաղթող

2017-ին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Technovation Challenge միջազգային մրցույթին: Կարբիի դպրոցի One Step Ahead ավագ թիմը «Կրթություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Armenian Sign Language հավելվածով: Թիմը օգոստոսին կմասնակցի ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում Համաշխարհային գագաթաժողովին և կստանա իր մրցանակը։

Technovation Armenia ծրագրի կիսաեզարփակիչ անցած 22 թիմից ժյուրին որպես Հայաստանյան մրցույթի հաղթող ընտրեց վեց թիմ` երեք ավագ և երեք կրտսեր խմբերից: Վեց թիմերից էլ միջազգային կիսաեզրափակիչ մրցույթին մասնակցել են մեկ ավագ թիմ և երկու կրտսեր թիմ: Կարբիի դպրոցի One Step Ahead ավագ թիմը, միջազգային կիսաեզրափակիչում մրցելով աշխարհի 27 երկրից ներկայացված 99 թիմի հետ, «Կրթություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Armenian Sign Language հավելվածով:

Այս տարի Հայաստանի դպրոցների 10-ից 18 տարեկան աշակերտուհիները հնարավորություն ունեցան մասնակցելու աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության Technovation ծրագրին:

Ծրագիրը նախատեսում էր 12 շաբաթյա ուսուցում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորեցին բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում, և պատրաստել բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը:

Մոտ 11.000 աշակերտուհի, ավելի քան 100 երկրից մասնակցել են Technovation 2017 ծրագրին:Հայաստանից մասնակցել է 214 աշակերտուհի, ձևավորվել է 36 թիմ, Հայաստանյան մրցույթի կիսաեզրափակիչ է դուրս եկել 22 թիմ:

Technovation Armenia ծրագրի տարածաշրջանային դեսպանն էր «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հկ նախագահ Նարինե Աբազյանը: